Ըստ դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ բարեփոխումների ժամանակը վաղուց հասունացել էր, սակայն նորանշանակ վարչապետը պետք է բարեփոխումներում ընդգրկի հասարակության լայն խավերին, այդ թվում և՝ ընդդիմությանը: Ըստ տնտեսագետ Վարդան Բոստանջյանի, անհրաժեշտ է հարկերից ազատել փոքր բիզնեսն ու խրախուսել ներդրումները՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին: Ըստ տնտեսագետի, վարչապետը պետք է ունենա համախոհների մեծ բանակ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ այն կարծիքին է, որ իշխանությունները պետք է հաշվետու լինեն իրենց գործած սխալների համար, այլապես շարունակական բարեփոխումներից տնտեսությունը շարունակաբար քայքայվում է: Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը վստահ է, որ սահմանադրության բարեփոխումների, ինչպես նաև կառուցվածքային ու կադրային նոր փոփոխությունների արդյունքում, տնտեսական ակտիվությունն առաջիկայում նկատելի կլինի: