Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:
Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, որոնք խորը պատմական արմատներ ունեն, այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով, հարստանում են ամենատարբեր ոլորտներում հեռանկարային նախագծերով: Դրան մեծապես նպաստում է մեր պետությունների սերտ ինտեգրացիոն գործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում: Համոզված եմ, որ տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում համատեղ ջանքերով մենք կապահովենք ռազմավարական կապերի և կառուցողական փոխգործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացումը: Դա, անկասկած, բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերից»,- գրել է Վլադիմիր Պուտինը և հայաստանցի պաշտոնակցին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում: