317 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 49,5 տոկոսը:
Սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արմավիրի, Տավուշի, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի մարզերում: 317 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 49,5 տոկոսը: Ապարան, Էջմիածին, Վեդի, Գորիս, Նոյեմբերյան քաղաքներում հաղթել կամ վերընտրվել են ՀՀԿ-ական թեկնածուները, Աշտարակում` անկուսակցական թեկնածուն։ Էջմիածնում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետը: Մասիսում վերընտրվել է միակ թեկնածուն: ՏԻՄ ընտրությունները դիտարկել են տեղական 10-ը կազմակերպություններ՝ 353 դիտորդներով և ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի միջազգային դիտորդները: ՏԻՄ ընտրությունների ընթացքում Գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է ավելի քան 200 հաղորդում հնարավոր խախտումների վերաբերյալ, այդ թվում ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումները, նաև քաղաքացիների ահազանգերն և գրավոր դիմումները: Դրանցից 108-ը, որոնք առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ, ուղարկվել են ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրեցին, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 23-ին: