Համաձայնագրով նախատեսվում է քվեարկությունից հետո հրապարակել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները, ինչպես նաև ընտրական բոլոր տեղամասերում տեղադրել տեսախցիկներ և տեսանկարահանել ողջ ընտրական գործընթացը:
Ազգային ժողովի 5 խմբակցություններ (բացառությամբ «Ժառանգության») ստորագրեցին ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ներդրման վերաբերյալ համաձայնագիրը:
Համաձայնագրով նախատեսվում է քվեարկությունից հետո հրապարակել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները, ինչպես նաև ընտրական բոլոր տեղամասերում տեղադրել տեսախցիկներ և տեսանկարահանել ողջ ընտրական գործընթացը:
Այս պահանջների կատարման վրա սկսած առնվազն 2011-ից պնդում էին հիմնական ըննդիմադիր ուժերը:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը փաստաթղթի ստորագրումից առաջ հայտարարեց, որ ստորագրվող փաստաթուղթն այն է, ինչ երկար տարիներ իշխանություններից պահանջում էին քաղաքացիական հասարակությունը, ընդդիմադիրները:
«Ես չեմ կարող չխոսել նաև իշխանությունների քաղաքական կամքի մասին: Որքան էլ մենք հակասություններ ունենք, ես չեմ կարող դա չնշել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ովքեր այս ընթացքում ակտիվ աշխատել են մեզ հետ: Ես համոզված եմ, որ անմիջապես կլինի միջազգային արձագանք», - նշեց Զուրաբյանը: Այնուհանդերձ, նրա խոսքով, ստորագրված փաստաթուղթը երաշխիք չէ մաքուր, ազատ ընտրությունների, սակայն այն լուրջ հիմնաքար է, որի վրա կարելի կլինի կառուցել ազատ արդար ընտրությունների իրողությունը Հայաստանում:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին կարևորեց ձեռք բերված համաձայնությունը: Նրա խոսքով՝ հարկավոր է ներդնել մեխանիզմներ, ինչի արդյունքում հանրության մոտ կվերանան բոլոր կասկածները ընտրական գործընթացի թափանցիկության վերաբերյալ:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ևս գոհունակություն հայտնեց ձեռք բերված համաձայնության վերաբերյալ:
«Մենք ունենք քաղաքական տարբեր դիրքորոշումներ, ինչը ժողովրդավարության հիմքն է, և այն հանգամանքը, որ մեզ հաջողվել է երկխոսել, սա ամենակարևորն է: Ես հույս ունեմ, որ ապագա խորհրդարանում երկխոսելու կարողությունը կշարունակվի: