ՀՀ Նախագահ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին:
ՀՀ Նախագահ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին,- հայտնում են երկրի ղեկավարի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչությունից: Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ.
Կարեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ»:
Կարեն Կարապետյանը ծնվել է 1963 թ-ի օգոստոսի 14-ին, Ստեփանակերտում։
1980-1985 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
1985-1996 թթ. աշխատել է Հայաստանի պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայում, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում։
1996-98 թթ. եղել է «Հայէներգո»-յի գլխավոր տնօրենի տեղակալը, 1998-2001-ը՝ գլխավոր տնօրենը։ Նույն տարում նշանակվել է Հայաստանի էներգետիկայի նախարարի տեղակալ։
2001-2010 թթ. աշխատել է «ՀայՌուսգազարդում»՝ որպես վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։
2009-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ, 2010-11 թթ. եղել է Երևանի քաղաքապետը։
2011-16 թթ. «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահն էր, 2012-16՝ «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը։ 2016 թ. սեպտեմբերի 13-ին նշանակվել է Հայաստանի վարչապետ։
1989թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2006-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, 2008-ին Արցախի նախագահի հրամանագրով՝ «Անանիա Շիրակացի» մեդալով: 2008թ. ընտրվել է «Առէկսիմբանկի» խորհրդի նախագահ: 2010-ին ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք: Ամուսնացած է, ունի երեք երեխա: