Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ միաձայն որոշել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Վիլենի Կարապետյանի թեկնածությունը:
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ միաձայն որոշել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Վիլենի Կարապետյանի թեկնածությունը:
«Կարեն Կարապետյանն իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն», - իր ելույթում ասել է նախագահը:
Նա շեշտել է, որ բոլորին հայտնի է Կարեն Կարապետյանի ունակություններն ու ոճը:
«Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով:
Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարապետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստացել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տանելու պատրաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստահություն և որ ամենակարևորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են և իրականանալի»,- ՀՀԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահի խոսքով` օգտագործելով ողջ հայության ներուժը` նոր կառավարությունը պետք է վերականգնի իշխանությունների նկատմամբ ամենալայն վստահությունը, գտնի մեր տնտեսության և հանրային կյանքի համար ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կերաշխավորեն պետության կայուն զարգացումը և կամրապնդեն Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:
«Նոր կառավարության հիմնական խնդիրը ես տեսնում եմ թափանցիկության, հրապարակային գործընթացների արդյունքում տնտեսական այնպիսի բարեփոխումների իրականացման մեջ, որոնք կամրապնդեն կայուն, ազատ մրցակցային տնտեսություն ունենալու հիմքերը, յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի հնարավորություն կտան առանց որևէ բյուրոկրատական խոչընդոտների դրսևորել իր գործարար ներուժը»,- ասել է ՀՀ Նախագահը` ավելացնելով, որ Սահմանադրական բարեփոխումների ոգուն հարիր` նոր կառավարությունը, անշուշտ, ունենալու է գործելու, փոփոխելու և զարգացնելու մեծ ազատություն, հետևաբար նաև ստանձնելու է մեծ պատասխանատվություն: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կարևորը տեմպն է, արագությունը և արդյունավետությունը: «Վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակել է ՀՀ Նախագահը: