Քարիմովի առողջական վիճակի վատթարացումը լայնորեն քննարկվում էր ուզբեկական և աշխարհի առաջատար լրատվամիջոցներում:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, բժիշկների գնահատմամբ, ծայրահեղ ծանր վիճակում է: Այդ տեղեկությունը հայտնվել է երկրի Նախարարների խորհրդի պաշտոնական կայքում, որտեղ նաև նշվում է, որ Քարիմովը օգոստոսի 27-ին ուղեղի արյան զեղում ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ վերջին օրերին նրա վիճակը կտրուկ վատացել էր: Քարիմովի առողջական վիճակի վատթարացումը լայնորեն քննարկվում էր ուզբեկական և աշխարհի առաջատար լրատվամիջոցներում: Ռուսաստանյան Ֆորբսը Քարիմովի հիվանդության հետ կապված դեպքերը նմանեցնում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ճակատագրին, որի մահը բավական երկար և հանգամանորեն թաքցնում էին: Իսլամ Քարիմովի հեռացումը կարող է շրջադարձային լինել ոչ միայն Ուզբեկստանի քաղաքական կյանքի, այլև Միջին Ասիայի մյուս հանրապետությունների փոխհարաբերությունների համար: