«Ամերիկյան Վերմոնտի մի փոքրիկ քաղաքում եմ ապրում, որն ասում են նման է Արցախին: Բայց ասողները սխալվում են՝ Արցախն ավելի գեղեցիկ է»,- խոստովանել է ամերիկահայ հանրահայտ արձակագիր Քրիս Բոհջալյանը:
«Ամերիկյան Վերմոնտի մի փոքրիկ քաղաքում եմ ապրում, որն ասում են նման է Արցախին: Բայց ասողները սխալվում են՝ Արցախն ավելի գեղեցիկ է»,- խոստովանել է ամերիկահայ հանրահայտ արձակագիր Քրիս Բոհջալյանը Ստեփանակերտում՝ իր պատվին կազմակերպված երեկույթին: Առաջին անգամ Արցախ այցելած Քրիս Բոհջալյանն հայերենի իր սակավ իմացությամբ ողջունել է արցախցիներին, ասելով, որ խոնարհվում է նրանց հպարտության առաջ: Հայտնի բեսթսելերների հեղինակը անմիջական մթնոլորտում նախ պատմել է իր մասին, այնուհետև արցախցի իր երկրպագուների հետ կիսվել տպավորություններով: Արցախում ճանապարհներն ավելի բարվոք են, քան այն գյուղաքաղաքում, որտեղ ինքն է ապրում, ինչի շնորհիվ էլ իրեն զգում է ինչպես տանը՝ ասել է գրողը: Սակայն, դա անշուշտ միակ պատճառը չէ, որ ոգևորել է Քրիսին: Ջերմ ընդունելությունն ու մարդկային անկեղծ շփումը նրան մի նոր լիցք են տվել՝ անպայման գրելու Արցախի մասին: Գրողը խոստովանել է նաև, որ շատ հավանել է արցախյան գինին: Բոհջալյանի ստեղծագործություններից, իհարկե, ամենահայտնի ու կարդացվածը՝ «Ավազե ամրոցի աղջիկներն» է առավելապես ծանոթ արցախցիներին և ներկաները սիրով հեղինակից մակագրություն են ստացել հենց իրենց հետ բերած այդ գրքում:
Հանրահայտ գրողին հյուրընկալել է նաև Արցախի Հանրապետության նախագահը: Բակո Սահակյանը ողջունել է Քրիս Բոհջալյանի այցն, ասելով, որ նրա ստեղծագործությունները ծանոթ են արվեստասեր հանրությանը և կարևոր դերակատարություն ունեն արտաքին աշխարհին հայոց պատմությունը, հատկապես՝ հայոց ցեղասպանությունը ներկայացնելու գործում: Հայտնի արձակագիրը հանդիպել է նաև արցախյան իշխանությունների մյուս երկու՝ օրենսդիր ու գործադիր թևերի ղեկավարների հետ: