Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցահասակ և ուսանող Մեր բոլոր զավակներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր պատասխանատուներին
Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ամենայն հայոց հայրապետը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցահասակ և ուսանող Մեր բոլոր զավակներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր պատասխանատուներին: Օրվա խորհուրդը արտահայտում է մեր ժողովրդի ձգտումն ու սերը գիտության ու լուսավորության հանդեպ, որը դարձել է գրավականը ազգային մեր հարատևության: Ուսումնական ամեն տարեմուտ մեր ժողովուրդը տոնում է բարի հույսերով ու սպասումով, որ կրթական հաստատություններից սփռվող գիտության լույսով պիտի ամրանան ու զորանան հոգին ու միտքը մեր զավակների: Կրթությունն ու իմացությունը Աստծուց տրված բարիք են, որպեսզի մարդը ճանաչելով իր Արարչին ու աշխարհը՝ ապահով ու երջանիկ դարձնի իր կյանքի ընթացքը: Թող Տիրոջ օրհնությամբ նոր ուսումնական տարին արգասավոր լինի առատ վաստակով՝ հանուն մեր հայրենիքի զորացման և մեր ժողովրդի առաջընթացի»,- ասված է Գարեգին Երկրորդի հղած շնորհավորական ուղերձում: