Լրատվամիջոցներում քննարկվում է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին լուրի իսկությունը:
Լրատվամիջոցներում քննարկվում է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին լուրի իսկությունը: «Ֆերգանա» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Դանիիլ Կիսլովը հայտարարել է, որ «Ֆերգանա»-ն պատասխանատու է հրապարակած տեղեկությունների արժանահավատության համար: Լրագրողի կարծիքով՝ երկրի իշխանությունները պետք է այդ իրավիճակում չլռեն: Երեկ հենց այդ գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ 78-ամյա Քարիմովը մահացել է գլխուղեղի արյունազեղումից: Ուզբեկստանի նախագահի աշխատակազմը, սակայն, մահվան լուրը չի հաստատում՝ նշելով, որ Իսլամ Քարիմովը հիվանդանոցում է, վիճակն էլ կայուն է: Քարիմովն Ուզբեկստանի նախագահն է 1991 թվականից և մինչև այժմ զբաղեցնում է այդ պաշտոնը: Մինչ այդ՝ 1989 թվականից մինչև նախագահ ընտրվելը նա Ուզբեկստանի Կոմկուսի առաջին քարտուղարն էր: