Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովին: Դատարանն ապացուցված համարեց Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովին ներկայացված մեղադրանքները (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով)՝ դատապարտելով ցմահ ազատազրկման: Պատժի կրումը հաշվարկվում է 2015թ-ի հունվարի 13-ից:
Պաշտպանական ճառում հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ, չնայած Պերմյակովը չի տառապում հոգեկան որևէ հիվանդությամբ, սակայն ինֆանտիլ անձ է:
Ամբաստանյալը հրաժարվեց վերջին խոսքից:
Վալերի Պերմյակովը 2015-ի հունվարի 12-ի վաղ առավոտյան ներխուժել է Ավետիսյանների ընտանիք, հրազենով և սվին-դանակով սպանել ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ երկու տարեկան երեխային: Նրա հասցրած վնասվածքներից տան կրտսեր անդամ, 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացավ դեպքից 7 օր անց: