Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում օգոստոսի 20-ին տեղի կունենա «Հիշողության ծիսակամուրջ» խորագրով գիտաժողով-ցուցահանդեսի բացումը՝ նվիրված ժողովրդական արվեստի պահպանման եւ զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նկարչի՝ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին:
Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում օգոստոսի 20-ին տեղի կունենա «Հիշողության ծիսակամուրջ» խորագրով գիտաժողով-ցուցահանդեսի բացումը՝ նվիրված ժողովրդական արվեստի պահպանման եւ զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նկարչի՝ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին:
Ցուցահանդեսին կներկայացվեն Հովհաննես Շարամբեյանի գեղանկարչական աշխատանքները, իսկ գիտաժողովի ընթացքում անդրադարձ կարվի հոբելյարի կյանքի եւ գործունեության ուշագրավ դրվագներին: Միջոցառման ընթացքում նախատեսվում է Հովհ. Շարամբեյանի մասին պատմող «Հրաշք Վանիկը» ֆիլմի դիտում: Կներկայացվի նաեւ նկարչին նվիրված նորաբաց կայք-էջը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ օգոստոսի 25-ը:
Հովհաննես Շարամբեյանը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ է, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Բազմաթիվ կտավների հեղինակ է. «Կոմիտաս», «Դիլիջան», «Նվիրում խաչքարին», «Գյուղական բակ Լճաշենում», «Խոր Վիրապ», «Վանի կարպետ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Էջմիածնի հին տները» և այլն։ Եղել է «Անուշ» ֆիլմի (1983) գլխավոր նկարիչը։ Նրա ստեղծագործությունները պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արեւելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։
1947 թ-ին Դիլիջանում հիմնել է նկարչական ստուդիա: Եղել է Դիլիջանում գտնվող Կուլտուրայի եւ արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր, Դիլիջանի պատմամշակութային արգելոց-թանգարանի գլխավոր խորհրդատու: Ավելի քան 30 տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա:
1978 թ-ին հիմնադրել է Երեւանի Ժողովրդական արվեստի թանգարանը եւ մինչեւ 1986 թ-ին զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 1979 թ-ին հիմնադրել է Դիլիջանի Ժողովրդական արվեստի թանգարանը: Վերոնշյալ թանգարաններն այժմ գտնվում են Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի կազմում: