Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների անարգել տեղաշարժը ապահովելու համար մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում ու հետիոտնային անցումներում տեղադրվում են դեղին գույնի գոգավոր հատուկ սալիկներ:
Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների անարգել տեղաշարժը ապահովելու համար մայրաքաղաքի փողոցների խաչմերուկներում ու հետիոտնային անցումներում տեղադրվում են դեղին գույնի գոգավոր հատուկ սալիկներ: Դեղինը թույլ տեսողությամբ քաղաքացիներին կծառայի որպես ազդանշան, իսկ տեսողությունից ընդհանրապես զուրկ անձանց` մայթի մոտալուտ վերջնամասի կամ ընդհակառակը` բարձրության չափը կհուշի սալիկների գոգավորությունը:
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ծրագիրը 2016-ին կլինի փորձնական և կիրականացվի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածը: Գործընթացն ավելի ընդգրկուն կլինի 2017 թվականին, եթե այս տարվա աշխատանքների արդյունքները լիարժեքորեն արդարացնեն սպասելիքները: