Այնթապ համայնքում տեղի բնակչության հետ զրույցի ժամանակ նշվել է, որ համայնքի կարևորագույն խնդիրներից է խմելու ջրի հարցը, որը մատակարարվում է ընդհատումներով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Այնթապ համայնքում տեղի բնակչության հետ զրույցի ժամանակ նշվել է, որ համայնքի կարևորագույն խնդիրներից է խմելու ջրի հարցը, որը մատակարարվում է ընդհատումներով: Հովիկ Աբրահամյանը պատասխանատուներին հանձնարարել է հնարավորինս սեղմ ժամկետում կարգավորել ջրամատակարարման հարցը:
Մասիսի քաղաքապետարանում վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը զեկուցել է, որ մարզում հաջողությամբ ընթացքի մեջ է գյուղատնտեսական, այդ թվում՝ խաղողի մթերումը կազմակերպելու աշխատանքը:
Կառավարության ղեկավարը եղել է նաև Մասիս քաղաքի «Ոսկե կացին» հայ-իրանական սպանդանոցում, որը ներկայում ունի 1 հոսքագիծ և որտեղ աշխատում է 100 մարդ: Սպանդից գոյացած ենթամթերքը մշակվում է:
Սուրենավանի չրագործական ձեռնարկությունում, որտեղ արտադրվում են չրեր, մրգային լավաշներ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել վերամշակող ընկերությանն օժանդակելու տարբերակները:
Վարչապետը եղել է նաև մարզի այլ համայնքներում: