Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած հայաստանի մարզիկներին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած հայաստանի մարզիկներին: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ օլիմպիականներ,
Ձեզ հիանալի հնարավորություն է տրված պաշտպանելու մեր երկրի մարզական պատիվը Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ օլիմպիական խաղերում:
Օլիմպիական խաղերը միավորում են ուժեղ և համարձակ մարդկանց: Այդ հատկանիշներով դուք արդեն նվաճել եք համաշխարհային գլխավոր մարզահանդեսում մեր երկիրը ներկայացնելու իրավունքը: Դա արդեն մեծ պատիվ է: Մնում է, որ հաջողության հասնեք օլիմպիական մրցասպարեզներում և Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնեք համայն հայությանն ու աշխարհի մարզասերներին»:
Պետության ղեկավարը նշել է, որ երկրի անկախացումից ի վեր ամենաբազմամարդ հավաքականի անդամները կարող են և պարտավոր են զարգացնել արդեն ձեռք բերածը և տեղ զբաղեցնել օլիմպիական պատվանդանին:
«Հուսանք, որ բրազիլական ստուգատեսում կարդարացնեք սպասելիքները և ձեր հաղթանակների շնորհիվ կբարձրացվի հայոց եռագույնը: Մաղթում եմ հաջողություն և հաղթական վերադարձ հայրենիք»,-ասվում է նախագահի ուղերձում: