Հեռարձակողների միությունը դատապարտում է լրագրողների ձերբակալումը, ինչպես նաև հեղաշրջման փորձի հետևանքները լուսաբանող թղթակիցների հանդեպ ոտնձգությունները:
Եվրոպական հեռարձակողների միությունը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը զսպվածություն դրսևորել, հարգել խոսքի և մամուլի ազատությունը, ի պատասխան հուլիսի 27-ին Անկարայի կայացրած որոշման, այն է՝ փակել 3 լրատվական գործակալություն, 16 հեռուստաալիք և 23 ռադիոկայան, 15 ամսագիր, 45 թերթ, ինչպես նաև դադարեցնել 29 հրատարակչությունների աշխատանքը:
Հեռարձակողների միությունը նաև դատապարտում է 89 լրագրողների ձերբակալումը, ինչպես նաև տապալված հեղաշրջման փորձի հետևանքները լուսաբանող տեղական և միջազգային թղթակիցների հանդեպ ոտնձգությունների ու սպառնալիքների կիրառումը:
«Մենք հավատում ենք, որ խոսքի ազատության իրավունքը և տեղեկատվությունը վեր են քաղաքական կամ տնտեսական շահերից, և թուրքական կառավարությունը պարտավոր է պաշտպանել և ապահովել ժողովրդավարության հիմնաքար հանդիսացող այս կառույցի անվտանգությունը», - նշել է միության ղեկավարը:
Միությունն իր մտահոգությունն է հայտնում հուլիսի 15-ին իր անդամ TRT-ի տաղավարի վրա հարձակման և աշխատակիցների հանդեպ հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ: Եվրոպական հեռարձակողների միությունը հավատացած է, որ ազատ և քննադատական լրագրությունը անփոխարինելի դեր է կատարում բարեկեցիկ և խաղաղ հասարակության ապահովման հարցում և կոչ է անում Թուրքիայի կառավարությանը՝ ապահովել լրատվամիջոցների անվտանգությունը՝ զերծ մնալով սպառնալիքներից: