Երևանում հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերը իշխանության ամենաէական բացթողումն էին այս օրերի ընթացքում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Երևանում հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերը իշխանության ամենաէական բացթողումն էին այս օրերի ընթացքում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Ես շնորհակալ եմ մեր լրագրողներին իրենց անմնացորդ աշխատանքի համար և անարյուն հանգուցալուծմանը նպաստելու համար: Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևություններն, անշուշտ, արվելու են»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը վստահություն է հայտնել, որ այլևս նման բան չի կրկնվելու, և ցանկություն է հայտնել, որ այդ դեպքերն անգամ ենթագիտակցական ազդեցություն չեն ունենա լրագրողների ազատ գործելաոճի վրա:
Նախագահ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր վերջին օրերին իրենց դրսևորեցին որպես քաղաքական-պետական գործիչներ և առաջին իսկ օրվանից ձայն բարձրացրին տեղի ունեցողի անընդունելի լինելու մասին:
«Նրանք, ի տարբերություն շատ քիչ կարճատեսների, լավ են հասկանում՝ որտեղ է ավարտվում քաղաքական մրցակցության սահմանը և սկսվում Հայրենիքի անվտանգության հարթությունը: Սուր իրավիճակները հաճախ լակմուսի դեր են կատարում՝ հասարակության և պատմության համար մատնացույց անելով հասուններին և տարանջատելով կարճատեսներին ու պատեհապաշտներին», - ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը նաեւ տեղեկացրել է, որ այս փուլում առկա նպատակներից մեկը ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: «Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն: Մենք այդ ճանապարհով ենք գնում, և այդ ճանապարհը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների դերակատարման մասին է: Կրկնում եմ՝ քաղաքական գործիչների, այլ ոչ թե զենքով ահաբեկչության գնացողների և նրանց սատարողների»,-ասել է Սերժ Սարգսյանը: