ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրավվելու կապակցությամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրավվելու կապակցությամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, փաստվում է, որ հուլիսի 17-ի վաղ առավոտից Երևանում ծավալվող իրադարձությունները ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումներով՝ ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետևանքով սպանվեց Ոստիկանության ծառայող և եղան վիրավորներ:
Պաշտպանի հաղորդագրությունում նշվում է նաև, որ զինված հարձակմանը հաջորդեց ատելության խոսքի և բռնության քարոզչության աննախադեպ բռնկում: Բացի դրանից, ըստ օմբուդսմենի, տեղի ունեցած ինչպես խաղաղ, այնպես էլ բռնությամբ ուղեկցվող հավաքների ընթացքում Ոստիկանության կողմից թույլ տրվեցին խաղաղ հավաքների ազատության և անձնական ազատության իրավունքների խախտումներ, եղան նաև հրապարակումներ խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ:
«Լարվածության շիկացմանն ավելի նպաստեց Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամների կողմից վերջին օրերին մարդու իրավունքների տեսնակյունից վտանգավոր վարքագծի դրսևորումը (մեքենաների հրկիզումը, ուղիղ եթերում բռնության ակնհայտ կոչերը, հրազենի ցուցադրումը, անկանոն կրակոցները և այլն): Նշվածն անմիջական սպառնալիք է ստեղծում ՊՊԾ գնդին հարակից տարածքի բնակիչների, հատկապես խոցելի խմբերի` երեխաների, տարեցների իրավունքների համար»,- նշվում է հաղորդագրությունում: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է նաև զինված խմբի կողմից բժշկական անձնակազմի անդամներին պատանդ պահելու անընդունելիությունն, ինչպես նաև տեղեկություններն այն մասին, որ զինյալների մի մասը ՊՊԾ գնդի տարածքում է գտնվում սեփական կամքին հակառակ:
«Ուստի, անհրաժեշտ է, որպեսզի պետության համապատասխան մարմինները և հանրային գործիչները ակտիվացնեն ջանքերը՝ ուղղված իրավունքների բոլոր տեսակի խախտումների վերացմանն ու դրանց հետագա կանխարգելմանը: Անհրաժեշտ է ապահովել հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի վերականգնում և վերջապես՝ ստեղծված իրավիճակի խաղաղ ու անվնաս հանգուցալուծում»,-եզրափակում է Պաշտպանը: