Հակառակորդը մերթընդմերթ լարում է իրավիճակը Հայաստանի սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ:
Հակառակորդը մերթընդմերթ լարում է իրավիճակը Հայաստանի սահմանագոտու հյուսիսարևելյան ուղղությամբ: Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրաձգային զինատեսակներից կրակահերթեր է արձակել Տավուշի մարզի Կոթի համայնքի և գյուղի մարտական հենակետերի ուղղությամբ: Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը մեր թղթակցին հայտնել է, որ վնասներ չեն եղել: Նա նշել է, որ ադրբեջանական դիրքերից համայնքի հեռավորությունը 600 մետր է, և անցած տարի՝ հակառակորդի ստեղծած լարվածությունից հետո, նրանց նշանառության տակ է հայտնվել 100 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որն այժմ անմշակ է: Կոթիում այս պահին իրավիճակը հանգիստ է. գիշերը խաղաղ է եղել նաև մարզի սահմանային մյուս համայնքներում՝ «Առաջին ալիքին» ասել է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: