Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման՝ հուլիսի 17-ից ի վեր կատարած հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նախօրեին «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության՝ նախօրեին ձերբակալված անդամ Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման՝ հուլիսի 17-ից ի վեր կատարած հանցավոր գործողություններին օժանդակելու մեջ:
«2016թ. հուլիսի 27-ին` ժամը 19.50-ին, ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել և ժամը 22.30-ին, դատավարական պատշաճ ընթացակագով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արա Ալեքսանդր Վահրամի Կոմշույանը (Ալեք Ենիգոմշյան): Քաղաքացի Կոմշույանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության մեջ: Բերման ենթարկվելիս Կոմշույանն օգտվել է իր իսկ ընտրած պաշտպանի ծառայություններից: Հաշվի առնելով վերջինիս հաշմանդամությունը, նրա իրավունքներիմ ավելի լայն իրագործումն ապահովելու, դատաիրավական գործողություններին մասնակցելու նպատակով, ի շահ իրեն քրեական գործով ներգրավվել է կույրերի համար ստեղծված բրայլյան գրի համապատասխան մասնագետ՝ տիֆլո-մանկավարժ»,-ասվում է ԱԱԾ տարածած պարզաբանման մեջ: