Իրավապահները, սակայն, թույլ չեն տվել, որ նախարարն այցելի գնդի տարածք:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր փորձել է մուտք գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, որը հուլիսի 17-ից գրավված է զինված խմբի կողմից: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նա նպատակ ուներ գունդը գրաված անձանց հետ քննարկել տարածքում վիրավորների բուժօգնության կազմակերպման և պատանդ բժիշկների ազատ արձակման հարցը: Իրավապահները, սակայն, թույլ չեն տվել, որ նախարարն այցելի գնդի տարածք:
Այսօր գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը, ինչպես նաեւ՝ մեկ ոստիկան: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: