Զինյալների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն առաջարկել է գնդի տարածքում գտնվող վիրավոր զինյալին տեղափոխել հիվանդանոց՝ անհրաժեշտ մասնագիտացված ստացիոնար բուժօգնություն տրամադրելու համար:
Երեկ երեկոյան գնդի տարածքում գտնվող զինված խումբը այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց: Ոստիկանությունը հրապարակել է այրվող մեքենայի լուսանկարներն ու տեսանյութը, նաև հաղորդագրություն տարածել, որում ասված է ՝ «Իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ», - նշված է ոստիկանության հաղորդագրությունում:
Արցախի ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը նշել է, որ այդուհանդերձ պետական համապատասխան գերատեսչություններն իրեն վստահեցրել են, որ կանտեսեն նրանց այդ քայլը և կշարունակեն բանակցությունները մինչև զինված խումբը խաղաղ կերպով վայր կդնի զենքերը։ Ըստ Մեդիամաքսի, Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը լրագրողներին հայտնել է, որ «Սասնա Ծռեր» խմբի կազմում կա վիրավոր, որին չի տրամադրվում բժշկական օգնություն: Դա ուղղակիորեն հակասում է Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ կատարված քայլերի վերաբերյալ նրա հայտարարությանը, ըստ որի՝ «զինյալների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն առաջարկել է գնդի տարածքում գտնվող վիրավոր զինյալին տեղափոխել հիվանդանոց՝ անհրաժեշտ մասնագիտացված ստացիոնար բուժօգնություն տրամադրելու համար: Չնայած մերժմանը՝ մենք հաջորդ առավոտյան վիրաբույժ ուղարկեցինք գնդի տարածք, որին նույնպես թույլ չտրվեց անհրաժեշտ միջամտություն կատարել», ասել է Արցախի հերոսը եւ դարձյալ կոչ արել նրանց, քանի դեռ ուշ չէ անհապաղ իշխանություններին հանձնել վիրավոր տղային: