Լևոն Տեր-Պետրոսյանը հույս է հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի՝ ավելի վաղ կալանավորված անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ում խմբի անդամները պահանջում են ազատ արձակել, սառը կդատի ու ողջամիտ որոշումներ կկայացնի։
ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է «Սասնա ծռեր» զինված խմբի՝ Երևանում ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակմանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը հույս է հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի՝ ավելի վաղ կալանավորված անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ում խմբի անդամները պահանջում են ազատ արձակել, սառը կդատի ու ողջամիտ որոշումներ կկայացնի։
Լևոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես հայտարարել է. «Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը։
Վերլուծությունները պետք է կատարվեն և տեղի ունեցածից դասեր քաղվեն ստեղծված գերվտանգավոր իրավիճակի հանգուցալուծումից հետո։ Ներկա պահին դրանք միայն գրգռություններ են առաջացնում և ավելի ևս բարդացնում իրավիճակը։
Բնականաբար, ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն և ողջամիտ ժամանակ պահանջեն։
Անիմաստ է բարոյախրատական քարոզներ կարդալ և հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին և նրա զինակիցներին։ Նրանց հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի։ Նրանք դա ապացուցել են ռազմի դաշտում, անձնազոհաբար ու կամովին մասնակցելով արցախյան պատերազմին։
Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, և նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից»։