Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը անթույլատրելի է համարում նոր արյունահեղությունը, իրավապահ մարմիններից պահանջում է արհեստավարժություն, պահանջում է հարգել օրինապահ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը, վճռականորեն դատապարտում պայքարի ոչ քաղաքական մեթոդներն ու ծայրահեղական մտածողությունը:
Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որով կուսակցությունը ներկայացնում է իր դիրքորոշումը հունիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ: «Զենքով, բռնությամբ, պատանդներով եւ ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու: Նպատակն ինքնին չի արդարացնում միջոցները: Հայհոյանքը, թշնամանքը, ատելությունը, բռնությունը, ժողովրդի արդարացի ակնկալիքներն ու դժգոհությունը անտեսելը միշտ պառակտում ու ոչնչացնում են հայության հավաքական ներուժը: Արդյունքում քառօրյա պատերազմից հետո ստեղծված մեր աներևակայելի համազգային համախումբը այսօր լրջորեն վտանգված է: Հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո երրորդ հարվածն է հասցվել մեր պետականությանը: Վտանգ կա, որ նորից տարիներ ենք կորցնելու, ինչը հղի է ներքին ու արտաքին կյանքում նոր կորուստներով: Չհասկանալ սա, չդատապարտել կատարվածը, նշանակում է ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին»,-ասված է ՀՅԴ հայտարարությունում: Կուսակցությունը անթույլատրելի է համարում նոր արյունահեղությունը, իրավապահ մարմիններից պահանջում է արհեստավարժություն, պահանջում է հարգել օրինապահ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը, վճռականորեն դատապարտում պայքարի ոչ քաղաքական մեթոդներն ու ծայրահեղական մտածողությունը: