ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Պարեկապահակային ծառայության գնդի գրավման փաստի շուրջ ՀՀԿ դիրքորոշումը:
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Պարեկապահակային ծառայության գնդի գրավման փաստի շուրջ ՀՀԿ դիրքորոշումը: էդուարդ Շարմազանովը ցավակցել է գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը ողբերգություն է: ՀՀԿ խոսնակի փոխանցմամբ, իշխանությունները առաջնորդվելու են «մի վնասիր» սկզբունքով: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ այս պահին ամենակարևոր խնդիրը՝ խաղաղ բանակցությունների միջոցով իրավիճակի հանգուցալուծումն է։ ՀՀԿ խոսնակը նաև մեկնաբանել է, թե ինչու են իշխող կուսակցության ներկայացուցիչները պահպանում լռություն.
«Մեր ուժային կառույցները հիմնականում ունեցել են մի նպատակ՝ առանց արյունահեղության հասնել այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը։ Հարցեր կհնչեն, թե ինչու հանրապետականները հարցազրույցներ չենք տվել, չենք ներկայացրել մեր տեսակետը։ Մեր և կոնկրետ իմ լռությունը պայմանավորված է եղել խաղաղ բանակցությունները չխոչընդոտելու ցանկությամբ: Հավատում եմ, որ բոլոր կողմերում հանդուրժողականությունը, խիղճը կհաղթի, և մենք կխուսափենք նոր արյունահեղությունից։ Հայաստանում մենք թշնամիներ չունենք: Իսկ, թե ինչու նախագահը կոչով չի դիմել ժողովրդին, և իշխանությունը չի արձագանքում «Սասնա ծռեր» խմբի պահանջներին, պահանջների մասին ժամանակը չէ խոսելու, այսօր խնդիրը բանակցելն է։ Հայաստանում կա իշխանություն, և ԱԱԾ-ն պարբերաբար պաշտոնական հայտարարություններ է արել։ ԱԱԾ-ն իշխանության մասն է»: