Քննչական կոմիտեն այսօր ոստիկանությունից նյութեր է ստացել՝ ոստիկանության ծառայողներին պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ։
Քննչական կոմիտեն այսօր ոստիկանությունից նյութեր է ստացել՝ ոստիկանության ծառայողներին պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ։ Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երեկ ժամը 20-ի սահմաններում, Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։ Տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել ոստիկանության 6 աշխատակից:
Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ, Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կազմվել է քննչական-օպերատիվ խումբ։ Ոստիկանության 6 ծառայողներ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում ներբեռնվել և ուսումնասիրվել են դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունները և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ոստիկանության աշխատակիցներին մարմնական վնասվածքներ պատճառած, տեսանյութերում պատկերված անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ձերբակալվել է Երևանի բնակիչ, 1978թ. ծնված Հ.Թորոսյանը։