Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել: Ոստիկանությունը շարունակում է հերթապահությունը, միջադեպեր չեն գրանցվել։
Արդեն երրորդ օրն է՝ Երևանի Խորենացի փողոցում գտնվող Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տիրող իրավիճակը չի հանգուցալուծվում: Խորենացի փողոցում գիշերը խաղաղ է անցել: Ոստիկանությունը շարունակում է հերթապահությունը, միջադեպեր չեն գրանցվել։ Հուլիսի 18-ին, Ազգային անվտանգության ծառայությունը տարածած հաղորդագրությամբ նշում էր, որ կատարված հարձակման հետևանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը և առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հանրության համար: Փոխհրաձգության ժամանակ վիրավորված ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին վիրահատել են: Նա որովայնի շրջանում բեկորային վնասվածք էր ստացել, բեկորը հեռացվել է, այժմ վերականգնողական բուժում է ստանում: Հուլիսի 17-ին Էրեբունու ոստիկանության վրա հարձակման հետևանքով վիրավորված «Սասնա ծռեր» ջոկատի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Նա մի շարք վիրահատությունների է ենթարկվել հիվանդանոցում: Երեկ կեսգիշերին, ոստիկանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հորդորելով երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի։