Ֆրանսիան դարձյալ քաոսի մեջ է: Նոր ահաբեկչական հարձակումն արյունով ներկեց Բաստիլի գրավման օրվա տոնակատարությունը, որը մեծ շուքով նշվում էր երկրի ամբողջ տարածքում:
Ֆրանսիան դարձյալ քաոսի մեջ է: Նոր ահաբեկչական հարձակումն արյունով ներկեց Բաստիլի գրավման օրվա տոնակատարությունը, որը մեծ շուքով նշվում էր երկրի ամբողջ տարածքում: Այս անգամ հանցագործները թիրախ էին ընտրել ծովափնյա հանգստավայր Նիսը, որտեղ սովորաբար նաև մեծ թվով զբոսաշրջիկներ են լինում: Հազարավոր մարդիկ հավաքվել էին հայտնի Անգլիական ափի մոտ՝ հետևելու տոնական հրավառությանը: Բեռնատար ավտոմեքենան մեծ արագությամբ մտել է բազմության մեջ և մարդկանց անիվների տակ գցելով առաջ ընթացել մոտ 2 կիլոմետր: Հարձակվողը միաժամանակ նաև մարդկանց վրա կրակ է բացել: Ի վերջո, ոստիկանները նրան չեզոքացրել են: Վերջին տվյալով զոհվել է 84 մարդ, 120-ից ավելին վիրավորվել է, որոնցից 18-ի վիճակը չափազանց ծանր է: Որոշ աղբյուրներ նշում են ավելի քան 150 տուժածի մասին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Նիսի Կապուտակ ափին տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական հարձակում:
Հարձակումն իրականացնողը 31-ամյա ֆրանսիացի է՝ ծագումով թունիսցի: Ֆրանսիան ցնցած նոր ահաբեկչությունը դատապարտել են աշխարհի շատ երկրներ՝ Գերմանիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ճապոնիան: Տեղի ունեցածի պատճառով Ֆրանսիայի իշխանությունը երեք ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը, որը հաստատվել էր նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո և պետք է ավարտվեր հուլիսի վերջին: Երկրում կրկին ուժեղացվել է անվտանգության հսկողությունը: Այդ նպատակով լրացուցիչ մոբիլիզացվել է 10 հազար զինվոր և ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակից: