Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցին անդրադարձել է հեղինակավոր Wall Street Journal-ը՝ նշելով, որ Հռոմի Պապը եռօրյա այցի ընթացքում կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ինչը հավանաբար ևս մեկ անգամ կսրի Վատիկանի և Անկարայի միջև հարաբերությունները:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցին անդրադարձել է հեղինակավոր Wall Street Journal-ը՝ նշելով, որ Հռոմի Պապը եռօրյա այցի ընթացքում կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ինչը հավանաբար ևս մեկ անգամ կսրի Վատիկանի և Անկարայի միջև հարաբերությունները: Այս այցը տեղի է ունենում Կովկասյան անհանգիստ տարածաշրջանում բռնության խոշոր բռնկումից հետո, գրում է թերթը՝ նկատի ունենալով ապրիլյան քառօրյա պատերազմը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի հիմնական հարցն այն է, թե արդյոք Պապը կկրկնի՞ անցած տարի բարձրաձայնած «20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին» խոսքերը:
Ամերիկյան պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիան 2015 թվականին Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ արված հայտարարությանն արձագանքեց Վատիկանում իր դեսպանին խորհրդակցությունների համար անմիջապես հետ կանչելով: Դեսպանը վերադարձավ միայն 10 ամիս անց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտեց Պապի հայտարարությունը և նախազգուշացրեց նրան «չկրկնել այդ սխալը»: Թերթը հիշեցնում է, որ Սուրբ Հովհաննես Պողոս II-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառը 2001 թվականին Հայաստան այցի ժամանակ՝ Գարեգին II կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունում: Բայց Ֆրանցիսկոս Պապն է՛լ ավելի հեռուն գնաց՝ ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարում «երեք մեծ և աննախադեպ ողբերգություններից մեկը»։ Պապի այցելության կոնտեքստում կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը,- գրում է Wall Street Journal-ը: