Նախագահ Սարգսյանն այսօր Աստանայում ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:
Նախագահ Սարգսյանն այսօր Աստանայում ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Դրանք վարել է հյուրընկալող երկրի՝ Ղազախստանի նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Միության անդամ պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակում քննարկել են ԵԱՏՄ արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Ընդլայնված կազմով նիստի ավարտին նախագահները ստորագրել են ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր, այդ թվում` ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին հայեցակարգը: Սերժ Սարգսյանը խոսել է տնտեսական ինտեգրացիոն մակարդակի բարձրացման գործում ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացման և տնտեսական ներուժի զուգորդման ուղղությամբ հետագա գործուն մեխանիզմների մշակման մասին, անդրադարձել Սերբիայի հետ առևտրի ռեժիմի ներդաշնակեցման հարցի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին որոշմանը, ինչպես նաև Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին: