Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում գտնվող քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է 1 գեներալ և 2 գնդապետ:
ՀՀ Քննչական կոմիտեն հաստատել է բարձրաստիճան զինվորականների ձերբակալության մասին լուրը: Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում գտնվող քրեական գործերի շրջանակում ձերբակալվել են 1 գեներալ և 2 գնդապետ,- հայտնել են կոմիտեի մամուլի ծառայությունից: Ձերբակալվածներն են գեներալ Մելս Չիլինգարյանը՝ Զինված ուժերի սպառազինության վարչության պետը և գնդապետեր Արմեն Մարգարյանն ու Մհեր Պապյանը: Նրանք ձերբակալվել են մատակարարված անորակ ապրանքներ ընդունելու, չարաշահումներ թույլ տալու փաստերով հարուցված քրեական գործերի շրջանակում: Ըստ նախնական տվյալների՝ որոշ ապրանքատեսակներ ձեռք են բերվել ինքնարժեքից բարձր, ուռճացված գներով: Հիշեցնենք, որ ավելի վաղ ձերբակալվել էր Զինված ուժերի սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանության չարաշահում, իշխանազանցություն կամ իշխանության անգործություն, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ: Նախաքննության ընթացքում Դավիթ Աբրահամյանն ընդունել է մեղադրանքը, ցուցմունք է տվել, վերականգնել է պատճառված վնասը: Քննիչը որոշում է կայացրել նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: