«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով… ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց Ազգային Խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն…»:
«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով… ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց Ազգային Խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն…»: 1918-ի մայիսի 28-ին Թիֆլիսում արված այս հայտարարությունը Հայաստանի առաջին հանրապետության փաստացի հռչակագիրն է:
2 տարի, 6 ամիս եւ 4 օրվա կյանք ունեցած պետությունը, չնայած ապրում էր պատերազմների, գաղթի ու սովի պայմաններում, բայց առաջինից մինչև վերջին օրը դավանեց ժամանակի ամենաառաջադեմ գաղափարները` ապաստան տալով հարյուր հազարավոր հայերի ու մի քանի անգամ ավելացնելով երկրի տարածքը: Հանրապետության իշխանությունը ձևավորվում էր համընդհանուր քվեարկության միջոցով, որին մասնակցում էին երկրի բոլոր չափահաս բնակիչները` անկախ սեռից ու ազգությունից, ինչը այն ժամանակներում չլսված բան էր անգամ արևմտյան երկրների համար:
Հանրապետութան տարածքում ապաստան էր գտել Մեծ Եղեռնը վերապրած շուրջ 450 հազար գաղթական: Այդ դժվար օրերին երկրի ղեկավարները ջանում էին աշխարհին ներկայանալ պատշաճ արտաքինով, միևնույն ժամանակ` չչարաշահել պետական սուղ միջոցները: Պաշտոնական այցերի և ընդունելությունների ժամանակ նրանք հաճախ միմյանց փոխ էին տալիս իրենց հագուստը:
Վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, գյուղնախարար եղած ժամանակ, մի օր լվացված տաբատը կախել էր բակի պարանից: Առավոտյան Վրացյանների ընտանիքը հայտնաբերում է, որ քաղաքի «գիշերային բնակիչները» գողացել են նախարարի միակ տաբատը: Տիկին Վրացյանն ստիպված հեռաձայնում է կառավարություն և խնդրում նոր հագուստ ուղարկել Վրացյանին:
Ծանր հիվանդ Արամ Մանուկյանի ընկերները Եվրոպայից նրան տիֆի դեմ շիճուկ էին ուղարկել, որն ընդունելու դեպքում, շատ հնարավոր է, որ Արամը դեռ երկար ապրեր ու իր եռանդուն կյանքով փոխեր երկրի ճակատագիրը: Սակայն նա հրաժարվեց դեղերից` հրահանգելով, որ դրանք բաժանեն կարիքավորներին: «Եթե ես՝ որպես պետական պաշտոնյա, հնարավորություն ունեմ այս դեղը ձեռք բերելու, դեռ չի նշանակում, որ պետք է ապրեմ ուրիշների փոխարեն», - ասել էր նա: Երբ 1919-ին Արամ Մանուկյանը մահացավ, հուղարկավորությունը կազմակերպող խումբը հայտնաբերեց, որ Առաջին հանրապետության հայրերից մեկի կոշիկների ներբանները ծակ են:
Առաջին Հանրապետության հիմնադիրները լավ էին գիտակցում` հողը ապրում է, քանի դեռ բնակեցված է: Ազատագրված Բասենում գավառապետ նշանակելու մասին հրամանագրում ՆԳ նախարար Աբրահամ Գյուլխանդանյանը շեշտում է` նորանշանակ գավառապետը «պիտի կազմակերպե շրջանի քաղաքացիական վարչակազմը` ներգաղթի պատրաստության համար»:
Հանրապետությունն օժտված էր պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտներով` ուներ բանակ, ֆինանսական համակարգ, այդ թվում` ազգային դրամ, արտաքին քաղաքականություն: Հանրապետության անունից ազգությամբ հայերին տրվում էր ճամփորդական անձնագիր (անցագիր)` մեկ տարի ժամկետով: Անցագրերի գործողության ժամկետը, ինչպես այսօր, կարելի էր երկարաձգել արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանություններում:
Փարիզի խաղաղության վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանն այս գրիչով 1920-ի օգոստոսի 10-ին ստորագրեց Սևրի դաշնագիրը, որով Հայաստանի Հանրապետությունը տիրապետում էր շուրջ 161 հազար քմ տարածքի:
Խորհրդային իշխանության հաստատումից անմիջապես հետո բոլշևիկյան կառավարությունը դրժեց 1920-ի դեկտեմբերի 2-ի պայմանագիրը և սկսեց հետապնդումների ենթարկել Առաջին Հանրապետության պաշտոնյաներին ու համախոհներին: Նախկին վարչապետ Համո Օհանջանյանն ու իր ընկերները բանտում հացից շախմատի խաղաքարեր էին պատրաստել և դրանց միջոցով փորձում էին մեղմել դաժան առօրյան:
Արևմտահայության երկրորդ համագումարը 1919-ի փետրվարին որոշում կայացրեց անկախ և միացյալ Հայաստան հռչակելու մասին և դիմեց ՀՀ կառավարությանը, որը նույն թվականի մայիսի 28-ին` անկախության առաջին տարեդարձի օրը, ընդունեց անկախ և միացյալ Հայաստանի հռչակագիրը: Այդ օրը Երևանում և երկրի այլ քաղաքներում մեծ տոնախմբություններ տեղի ունեցան: