Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
«Անցած անգամ Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք քննարկեցինք մեր օրակարգի առավել արդիական և զգայուն հարցերը: Կարծում եմ, որ այսօր մենք կշարունակենք այդ զրույցը, քանի որ այն ժամանակ, իրոք, բարդ ժամանակաշրջան էր մեր տարածաշրջանի համար, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից 1994-95 թթ. պայմանագրերի կոպտագույն խախտումների պատճառով»: ՀՀ Նախագահը խոսել է նաև Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ կայացած հանդիպման մասին և հույս հայտնել, որ համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հետևողականորեն կիրականացնեն այն որոշումները, որոնք համատեղ ընդունվել են:
ՌԴ կառավարության նախագահը նշելով, որ ուրախ է ՀՀ Նախագահի հետ հանդիպման նոր հնարավորության համար, ընդգծել է, որ այն, ըստ էության, արդեն երկրորդն է մեկ ամսվա ընթացքում: Դա, ըստ նրա, բնութագրում է ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունների մակարդակը, այն կապերի դաշնակցային բնույթը, որ գոյություն ունեն երկու երկրների, երկու ժողովուրդների միջև:
«Այսօր տեղի կունենա մեր միության Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված ձևաչափով նիստը: Դիտարկելու ենք տարբեր և առաջին հերթին տնտեսական հարցեր, որոնք օգտակար են բոլոր երկրների համար: Շնորհակալություն կառավարությունների ղեկավարներին Երևանում այս միջոցառումը անցկացնելու հրավերի համար, որովհետև սա առաջին նման միջոցառումն է ձեզ մոտ: Ընդ որում, Եվրասիական հանձնաժողովի ղեկավարը նույնպես ներկայացնում է Հայաստանը, ինչը, այս իմաստով, խորհրդանշական է: Կշփվենք, և գործընկերները կառավարությունից Ձեզ կզեկուցեն արդյունքների մասին:
Իրոք, իմ անցած այցը կայացավ շատ դժվար իրավիճակի պայմաններում: Միանգամից ուզում եմ ասել, որ մենք Ռուսաստանում, այնուամենայնիվ, շատ լարված հետևում էինք իրադարձությունների զարգացմանը, ուժերի ներածին չափով օգնում էինք ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:
Կարևոր է, որ ձեռքբերված զինադադարի ռեժիմը պահպանվի: Այս համատեքստում մենք, իհարկե, լիովին ողջունում ենք Ձեր հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, որը տեղի ունեցավ Վիեննայում, ինչպես նաև Մինսկի խմբի շրջանակներում ջանքերը, որոնք նախաձեռնվում են երկխոսությունը պահպանելու, շփումը շարունակելու և ապագայում նման բնույթի միջադեպեր թույլ չտալու համար:
Կարող եք չկասկածել՝ Ռուսաստանը միշտ օգնել է և օգնելու է այս դժվար հակամարտության կարգավորման հարցում: Իսկ մենք Ձեզ հետ միասին այժմ կքննարկենք դրա հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը: