Ըստ Ուլլա Յելփքեի, հարցն այլևս միայն կառավարության խնդիրը չէ. դա են պահանջում նաև գերմանական հասարակությունն ու պատգամավորները:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի Ձախերի կուսակցության պատգամավոր Ուլլա Յելփքեի կարծիքով, Գերմանիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ըստ խորհրդարանականի, հարցն այլևս միայն կառավարության խնդիրը չէ. դա են պահանջում նաև գերմանական հասարակությունն ու պատգամավորները: Տիկին Ուլլան, Համբուրգի խորհրդարանի պատգամավոր Մարտին Դոլցերը և Համբուրգի Ալտոնա համայնքի ներկայացուցիչ Հասան Բուրգուջուօղլուն արդեն չորս օր է՝ Հայաստանում են: Նրանք հանդիպումներ են ունեցել ոչ միայն Երևանում, այլև Ստեփանակերտում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, կառավարության ու խորհրդարանի ղեկավարների հետ: Նրանք քննադատել են Թուրքիայի կառավարությանը՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցով Գերմանիայի հանդեպ ճնշում գործադրելու, այլև ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծած Ադրբեջանին աջակցելու համար: Ի դեպ, հայ դատը պաշտպանող Հասան Բուրգուջուօղլուն ծագումով թուրք է, իսկ Ուլլա Յելփքեն արդեն տասնմեկ տարի պայքարում է հայերի ցեղասպանության ճանաչման համար և Բունդեսթագում շրջանառության մեջ մտած առաջին հայկական բանաձևի հեղինակն է: