Հանրային հեռուստաընկերությունն այսօր օրենսդիր հյուրեր ուներ: ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն իր արտագնա նիստն անցկացրեց Հանրային հեռուստաընկերությունում:
Հանրային հեռուստաընկերությունն այսօր օրենսդիր հյուրեր ուներ: ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն իր արտագնա նիստն անցկացրեց Հանրային հեռուստաընկերությունում: Օրակարգում Հանրային հեռուստաընկերության 2015 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումն էր:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն ու Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը նախ օրենսդիր գործիչներին ներկայացրեցին 2015-ին հեռարձակված հաղորդումներն՝ ըստ բովանդակության ու ժանրերի, հեռուստաընկերության տեխնիկական վերազինման, ինչպես նաև՝ կատարած շինարարական աշխատանքներն ու ծրագրերը:
Բոլոր լուծելի խնդիրների կողքին՝ առաջին տեղում, դրված է հեռուստաընկերության արխիվի թվայնացման հարցը: Հանրայինի արխիվը բացառիկ է իր մշակութային, պատմական ու փաստավավերական տեսադարանով. դրանք պահպանելն այսօր հրատապ խնդիր է: Արցախյան պատերազմի տարեգրությունից մինչև հայ արվեստի մեծերի կենսագրական տեսագրությունները թվայնացնելու ու պահպանելու համար պահանջվող ֆինանսական և տեխնիկական ռեսուրսների ձեռքբերումն այսօր առաջնային է:
ԱԺ հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի դիտարկմամբ, այս խնդիրը միայն Հանրայինի ուսերին թողնելը ճիշտ չէ և հարցը հանձնաժողովը կընդունի ի գիտություն:
Ապրիլյան պատերազմի օրերին Հանրային հեռուստաընկերության աշխատանքը նույնպես չէր վրիպել օրենսդիրի ուշադրությունից: «Հանրային հեռուստաընկերությունն այդ օրերին իր վրա վերցրեց դեպքերի լուսաբանման նաև տեխնիկական ապահովման հարցը, նախաձեռնողականություն ցուցաբերեց ու հրատապ լրատվություն ապահովեց, այդպիսով շահելով հեռուստադիտողի վստահությունը, ինչն այդ օրերին շատ կարևոր էր»- ասաց Ռուբեն Հակոբյանը:
ԱԺ հանձնաժողովականները քննարկեցին նաև Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվետվությունը, որը ներկայացնում էր նախագահ Գագիկ Բունիաթյանը: