Ծնվել է Վանում, Մեծ Եղեռնի ժամանակ գաղթել է Արեւելյան Հայաստան: 89-րդ Թամանյան (հայկական) դիվիզիայի հրամանատար։ Հասել է մինչեւ Բեռլին։
Ականավոր ռազմական գործիչ Նվեր Սաֆարյանը ծնվել է 1907 թվականին Վանի նահանգի Արճեշ քաղաքում: Մեծ Եղեռնի ժամանակ կորցրել է հորը, ընտանիքի հետ գաղթել է Արևելյան Հայաստան: 1919-ին մոր մահից հետո 12 ամյա Նվերը տեղափոխվել է Օշականի որբանոց: Ավարտել է Երեւանի միացյալ ռազմական դպրոցը, ապա՝ Մոսկվայի ռազմական ակադեմիան։
Երկրորդ աշխարհամարտի առաջին տարիներին ղեկավարել է ուկրաինական Դնեպրոպետրովսկ, Դոնեցկ, Վորոշիլովգրադ (այժմ՝ Լուգանսկ) քաղաքների պաշտպանությունը։
1943-ի փետրվարից գլխավորել է 89-րդ Թամանյան (Հայկական) հրաձգային դիվիզիան: Նույն տարվա դեկտեմբերին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1944 թ․ 89-րդ դիվիզիան Սաֆարյանի գլխավորությամբ մասնակցել է Կերչի թերակղզու և Սևաստոպոլի, ապա՝ Լեհաստանի ազատագրմանը։ Դիվիզիան հասել է մինչեւ Բեռլին, Ռայխսթագի գրավումը նշել է հաղթական քոչարիով: Պատերազմի ավարտից հետո Սաֆարյանը հրահանգել է իր մարտիկներին մի եղջերու որսալ եւ ի նշան հաղթանակի՝ եղջյուրները փակցնել դիվիզիայի մարտիկներին Հայաստան տեղափոխող գնացքի վրա։
«Մենք փառքով ենք ավարտել պատերազմը, փառքով էլ պետք է մտնենք Հայաստան», - ասել է նա։
Գեներալ Նվեր Սաֆարյանը մահացել է Երեւանում՝ 1982-ին։