«Ուկրաինական ռազմաճակատում վիրավորվել էի, հոսպիտալացվեցի ու տեղափոխվեցի Բաքու, որտեղ ապրում էին ծնողներս: Մայրս հաճախ էր այցելում հոսպիտալ, ու մի օր նա հետը բերեց մահս գուժող «սև թուղթ»-ը»:
«1942 թվականին աշխարհագրական ֆակուլտետում էինք սովորում, ես ու երկու ընկերներս վերջին կուրսի ուսանողներ էինք: Սպասում էինք, որ մեզ ուղեգիր է գալու զինկոմից, սակայն այն ուշանում էր ու որոշեցինք ինքներս ներկայանալ։ Սկզբում Թիֆլիսում վեց ամիս սովորել եմ Անդրկովկասի զինվորական շտաբին կից ուսումնարանում, հետո աշխատել եմ հենց տեղում՝ գաղտնագրված հեռագրերի վրա»։
Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մկրտչյանը մասնագիտության ֆենոլոգ է՝ բնության սեզոնային երևույթների մասին գիտելիքների համակարգի մասնագետ, ծառայակիցներից շատերին հիշում է անուն-ազգանուններով, որոշներին անգամ՝ կոչումներով:
Ժպիտով հիշում է իր մահվան մասին վկայող «սև թղթի» պատմությունը. «Ուկրաինական ռազմաճակատում վիրավորվել էի, հոսպիտալացվեցի ու տեղափոխվեցի Բաքու, որտեղ ապրում էին ծնողներս: Մայրս հաճախ էր այցելում հոսպիտալ, ու մի օր նա հետը բերեց մահս գուժող «սև թուղթ»-ը: Վիրավորվելուցս հետո իմ վաշտի տղաները հետապնդում էին նահանջող գերմանացիներին, իսկ ես մնացել էի թիկունքում: Կարծել էին, թե մահացել եմ...»:
Մարտական ուղու հուշերն ու պարբերականների մեջբերումներն խնամքով պահում է թղթապանակում: Կիևի հարևանությամբ գտնվող Ժիտոմիրի շրջանի քարտեզում մատիտով ընդգծել է անցած ճանապարհը. «80-ականներին հրավեր ստացա Ուկրաինայից՝ այցելելու այն վայրերը, որոնց ազատագրմանը մասնակցել եմ»։ Վետերանն այժմ էլ տարբեր պարբերականների համար ամեն տարի իր պատերազմի հուշերի մասին հոդվածներ է գրում. «Այս տարի չեմ գրել: Ահա՝ առանձին թղթի վրա գրել եմ այն դրվագներն ու դեպքերը, որոնց մասին պետք է գրեմ: Է՜հ շատ բան կա հիշելու, արձանագրելու»: