Ապրիլի 25-ի ուշ երեկոյան ողբերգական հետևանքներով պատահար է տեղի ունեցել Երեւանում. Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից երկու մարդ է մահացել:
Ապրիլի 25-ի ուշ երեկոյան ողբերգական հետևանքներով պատահար է տեղի ունեցել Երևանում. Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից երկու մարդ է մահացել: Վերջին տվյալով 8 ուղևոր տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ըստ ԱԻՆ-ից ստացած վերջին հաղորդագրության՝ ժամը 21:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, ծուխ է նկատվում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 63 երթուղուն պատկանող Բոգդան մակնիշի 4829 Տ պետհամարանիշի ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն:
Այսօր առավոտյան ժամը 04:20-ի դրությամբ կա 8 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան: Վերջինս տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները Հայաստանի քաղաքացիներ են: Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության: