Ամերիկահայությունը երկրի վարչակազմից պահանջում է հետաքննություն Ադրբեջանի նկատմամբ: Հայ Դատի գրասենյակի տվյալներով, Բաքուն խախտել է «Լիհիի օրենքը»:
Ամերիկահայությունը երկրի վարչակազմից պահանջում է հետաքննություն Ադրբեջանի նկատմամբ: Հայ Դատի գրասենյակի տվյալներով, Բաքուն խախտել է «Լիհիի օրենքը»: Սենատոր Պատրիկ Լիհիի նախաձեռնությամբ դեռևս 1997-ին ընդունած օրենքով, արտասահմանյան երկրների ստորաբաժանումները, որոնք օգնություն են ստանում Միացյալ Նահանգներից, զրկվում են օգնությունից, եթե խախտում են Մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային դրույթները: «Վստահելի զեկույցներ կան Ալիևի ուժերի կողմից քաղաքացիականների եւ ԼՂ պաշտպանության բանակի նկատմամբ իրականացրած ոճիրների մասին: Դրանք վերաբերում են Թալիշ գյուղում տարեց մարդկանց սպանությանն ու կտտանքներին և երեք հայ զինվորականների գլխատմանը»,- հայտարարության մեջ նշել է Հայ Դատի գրասենյակը: Կառույցը նկատում է, որ Ալիևը միլիոնավոր դոլարների ռազմական օգնություն է ստանում Նահանգներից և պարտավոր է հետևել ամերիկյան օրենսդրությանը: «Պահպանելով ամերիկյան արժեքները՝ Լիհիի օրենքը պահանջում է, որ ամերիկյան հարկատուների փողերը չշահարկվեն արտերկրի զորքերի կամ անհատների կողմից Մարդու իրավունքների սահմանափակման կամ ռազմական ոճիրների իրականացման նպատակներով»,-նշված է Հայ Դատի գրասենյակի հայտարարության տեքստում: Ամերիկահայ լոբբին նման բովանդակությամբ էլեկտրոնային նամակի ձև է տեղադրել իր կայքում, որը լրացնելով` քաղաքացիները կարող են այն ուղարկել Օբամայի վարչակազմին: