Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի նախօրեին տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ» քննարկում։
Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի նախօրեին տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ» քննարկում։ Քննարկման մեկնարկին հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Մոգերինին նշել է, որ Հարավային Կովկասը խիստ կարևոր է Եվրոպայի համար։ Լայնամասշտաբ հակամարտությունը ոչ մեկի շահերից չի բխում և այն ոչ մի տեղ չի կարող տանել: Նա ընդգծել է, որ ապրիլի 2-ից հետո տեղի ունեցած բռնությունները 1994-ի հրադադարի հաստատումից ի վեր աննախադեպ էին, ծանր զինտեխնիկայի կիրառում, զոհեր՝ նույնիսկ քաղաքացիների շրջանում։ «Էսկալացիան առավել պարզ դարձրեց, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Տեղում զարգացումները պահանջում են լինել զգոն և շարունակել պնդել հրադադարի ռեժիմի խիստ պահպանում և շարժվել դեպի խաղաղ գործընթաց։ Հատկապես պետք է դադարեցվի քաղաքացիների թիրախավորումը»,-ասել է եվրոպացի պաշտոնյան՝ ընդգծելով, որ պետք է ընդլայնել անվտանգության միջոցառումները, ինչպիսին են ԵԱՀԿ-ի առաջարկած հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմները: