ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981 թ. սեպտեմբերի 30-ին Երևանում: 1998-2000 թթ. զինվորական ուսուցում է անցել Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով: 2002-ին գերազանցությամբ ավարտել է Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2005-ին՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2007-ին ավարտել է ԱՄՆ Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը: 2002-2010 թթ. դասավանդել է Հայ-Ռուսական համալսարանում, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում և գիտությունների ազգային ակադեմիայում:
2005-2006 թթ. աշխատել է գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ: Աշխատել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես ավագ խորհրդական, ապա որպես Օմբուդսմենի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու: 2008 թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011 թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ: 2011-2016 թթ. զբաղեցրել է ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնը: 2011-2014 թթ. եղել է Նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը: ՀՀ Նախագահի հրամանագրով 2013-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Արդարադատության առաջին դասի խորհրդական է: Մինչեւ ԱԱԾ տնօրեն նշանակվելը Գեորգի Կուտոյանը փետրվարի 3-ից զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: