Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Պաշտպանության նախարարության աջակցությամբ, Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ նոր ծրագիր կիրականացնի: «Իմ բանակը» խորագիրը կրող նախագծի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մարտունակությունը հեռուստադիտողներին ներկայացնելն է: 14 թողարկումներից բաղկացած հեռուստաֆիլմաշարը հայ եւ միջազգային լայն հանրությանը կներկայացնի Հայոց բանակի ոչ միայն տեխնիկական ու ֆիզիկական ներուժը, այլեւ հայ զինվորի առօրյան, նրա ոգու առանձնահատուկ կերտվածքը:
Հեռուստաֆիլմաշարը ոչ միայն հեռուստադիտողին հնարավորություն կտա ծանոթանալու ռազմական տարբեր մասնագիտություններ ունեցող զինվորականների հետ, այլեւ համեմված կլինի ավիացիայի, զրահատանկային ուժերի եւ հատուկ նշանակության ջոկատների ամենօրյա գործողությունների կադրերով: Ֆիլմերից յուրաքանչյուրը կպատմի տարբեր ջոկատների թե՛ շարքային եւ թե՛ հրամանատարական անձնակազմի մասին:
Առաջին ալիքի գլխավոր նպատակը նախագծի միջոցով մերօրյա հերոսների կերպարներ ստեղծելն ու լավ օրինակը տարածելն է: Այսօր մեզ առավել քան անհրաժեշտ են ժամանակակից հերոսների կերպարները, որոնք կարող են օրինակ ծառայել երիտասարդների համար ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Վավերագրական ֆիլմաշարը կարող է ձեւավորել նպատակասլաց, բանիմաց եւ ուժեղ երիտասարդի կերպար, որին կցանկանան նմանվել շատերը:
Նախագիծն Առաջին ալիքի հեռուստադիտողներին կներկայացվի սեպտեմբերից, իսկ մինչ այդ` Հայոց բանակի օրվան ընդառաջ, ներկայացվում է նոր նախագծից մի դրվագ՝ «Իմ բանակը» խորագրով երգ եւ տեսահոլովակ:
Երաժշտության եւ խոսքերի հեղինակը Քրիստ Մանարյանն է, կատարում են Վիգեն Ահարոնյանը, Արթուր Մխիթարյանը եւ Սեդրակ Պապյանը: