Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» սիրված երաժշտական նախագիծն իր 5-րդ հոբելյանին համերգով հանդես է եկել Կալիֆոռնիայի «THE PASADENA CIVIK» համերգասրահում:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» սիրված երաժշտական նախագիծն իր 5-րդ հոբելյանին համերգով հանդես է եկել Կալիֆոռնիայի «THE PASADENA CIVIK» համերգասրահում: Համերգային ծրագիրն անցել է լեփ-լեցուն դահլիճում եւ շատ ջերմ միջավայրում:
Ելույթ են ունեցել եւ իրենց կատարումներով հանդիսատեսին հիացրել սիրված երգիչներ Անուշ Արշակյանը, Քրիստինե Պեպելյանը, Զարուհի Բաբայանը, Ռազմիկ Ամյանը, Ձախ Հարութը, Արփին, Հարութ Հակոբյանը, Հայբերտ Սարյանը, որոնք հայ երգի ոսկե ֆոնդից կատարել են սքանչելի ստեղծագործություններ եւ հայկական շունչը փոխանցել հանդիսատեսին: Համերգը վարել է Առաջին ալիքի հաղորդավար Խորեն Լեւոնյանը, ելույթ է ունեցել նաեւ «Զվարթնոց» պարային համույթը:
Համերգը կազմակերպել էին “Global Arts”-ը եւ “ACF”ը:
«Երգ երգոց» նախագիծը 5 տարի շարունակ յուրաքանչյուր կիրակի Առաջին ալիքի հեռուստադիտողներին հեռուստաէկրանների մոտ ու նկարահանման տաղավարում հավաքում է հայ երգի սիրահարներին:
«Երգ երգոց» նախագծում հնչում են Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածները ներկայացնող երգեր՝ սկսած անցյալ դարի սկզբից մինչև մեր օրերը, որոնք ուղեկցվում են տվյալ պատմափուլի ժամանակագրությունը ներկայացնող տեսանյութով: Առանձին հաղորդումներ են նվիրվում հայ անվանի կոմպոզիտորներին, զանազան հոբելյանական առիթներով հնչում են սիրված երգեր:
Պրոֆեսիոնալ ստեղծագործական խմբի շնորհիվ ստեղծված «Երգ երգոց»-ն այսօր և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում ամենամեծ լսարան ունեցող հաղորդումներից է: Երաժշտական նախագիծը հյուրախաղերով հանդես է եկել Բեյրութում, Ստեփանակերտում, ԱՄՆ-ում: 5 տարիների ընթացքում եթեր է հեռարձակվել ավելի քան 400 հաղորդում: