Ինչ դիտել Առաջին ալիքի տոնական եթերում:
Դեկտեմբերի 31-ին եւ նախորդող օրերին ամբողջությամբ կվերափոխվի Հանրային հեռուստաընկերության եթերացանցը: Առաջին ալիքի բոլոր հաղորդումները եթեր կհեռարձակվեն տոնական ձեւաչափով, իսկ երեկոյան Առաջին ալիքի հեռուստադիտողների համար նոր եւ հետաքրքիր ծրագիր է նախատեսված: Տարեմուտի գիշերը՝ ժամը 24:00-ից սկսած, Հանրայինի եթերում կլինի «Ամանորը Առաջինում» խորագրով տոնական համերգային ծրագիրը, որը հեռուստադիտողներին կփոխանցի ամենաընտանեկան եւ ուրախ տոնի ամենաջերմ զգացողությունները, ինչպես նաեւ ուրախ, աշխույժ եւ հետաքրքիր ժամանց կապահովի:
Տոնական համերգային ծրագրի ընթացքում ելույթ կունենան հայ սիրված երգիչ-երգչուհիները, ովքեր կներկայանան նոր, հետաքրքիր, երբեմն նույնիսկ ամենաանսպասելի կերպարներով եւ կատարումներով: Սիրելի երգերի նորովի տարբերակներ կներկայացնեն «Եվրատեսիլ - 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը, Թաթա Սիմոնյանը, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Արթուր Գրիգորյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դեւոյանը, Լեյլա Սարիբեկյանը, Մրոն, Սիրլվա Հակոբյանը, Ֆորշը, Արամոն, Ռադիկ Գաբրիելյան, Աշոտ Ղազարյանը, Արսեն Սաֆարյանը, Արման Հովհաննիսյանը, «Կոհար» համույթը, ինչպես նաեւ մի շարք խմբակային կատարումներ: Ելույթ կունենա նաեւ Դաթո Խուջաձեն: Իսկ թե կոնկրետ ինչ կատարումներով են հանդես եկել սիրված արտիստները, հայտնի կդառնա տարեմուտի գիշերը:
Առաջինը հեռուստադիտողներին դեկտեմբերի 31-ին կուղեկցի նաեւ դեպի իրական հեքիաթ, որի անունն է Լապլանդիա: Իսկ Լապլանդիան իսկապես գոյություն ունի եւ հայ հեռուստադիտողի համար տեսանելի եւ ճանաչելի կդառնա Առաջինի միջոցով։ «Հայաստանը մենք ենք» ծրագրի փոքրիկ հաղորդավարներ Արեգն ու Մերին ֆիլմ-հեքիաթում կգտնեն կախարդական մի քարտեզ: Բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ նրանք կփորձեն գտնել աշխարհի ամենալավ տեղը, կհայտնվեն ամենաիսկական Սանտա Կլաուսի մոտ, ով էլ հենց կբացահայտի Հեքիաթի գաղտնիքը: Իսկ թե որն է երկրագնդի ամենալավ տեղը, կիմանա Հանրայինի հեռուստադիտողը:
Դեկտեմբերի 31-ին Առաջին ալիքի բոլոր հաղորդումները կունենան տոնական ուղղվածություն: Սկսելով օրը «Առավոտ լուսո»-ի հետ՝ մեր հեռուստադիտողները կունենան դրական եւ ուրախ տրամադրվածության մեծ չափաբաժին, որը կշարունակվի նաեւ «Հայաստանի համը», «Մայրիկների ակումբ» «Գուշակիր մեղեդին», «Մեր մեջ ասած», «Երգ երգոց», «Ընտանյոք հանդերձ» հաղորդումներով եւ ֆիլմաշարով:
Տոնական օրերին Հանրայինի ողջ եթերացանցը հագեցած կլինի նաեւ հայկական եւ արտասահմանյան սիրված ֆիլմերով, մուլտֆիլմերով եւ համերգներով: Հանրայինը մեծ նվեր է պատրաստել իր փոքրիկ հեռուստադիտողների համար. Առաջինի եթերում կկայանա «Անահիտ»-ի հեռուստատեսային պրեմիերան, իսկ մեծահասակների համար (եւ ոչ միայն) առաջին անգամ կներկայացվի «Հյուսիս- հարավ» ֆիլմը:
Բացառիկ իրավունքով եւ հայերեն կրկնօրինակմամբ կցուցադրվեն 20th century Fox, Disney, Warner Bros, Universal, եւ այլ հայտնի ընկերությունների՝ ամանորի թեմայով ֆիլմեր եւ մուլտֆիլմեր, որոնց շարքում են «Հարրի Փոթթեր» ամենահայտնի ֆիլմի բոլոր 8 սերիաները, «Տանը մենակ», «Սանտա Փաուսին փնտրելիս», «Նվերներ բաժանելու պահը», «Շռեկ» եւ այլն:
Առաջինը նաեւ անակնկալ ունի դասականի սիրահարների համար: Հունվարի 1-ին ուղիղ միացմամբ Հանրայինի եթերում կլինի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի Ամանորին նվիրված տոնական համերգ:
Առաջին ալիքը Ձեզ հաճելի դիտում է մաղթում: