Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» սիրված երաժշտական նախագիծն իր 5-րդ հոբելյանին համերգով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» սիրված երաժշտական նախագիծն իր 5-րդ հոբելյանին համերգով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այն կկայանա դեկտեմբերի 20-ին «THE PASADENA CIVIK» համերգասրահում:
Համերգային ծրագրի ընթացքում ելույթ կունենան Անուշ Արշակյանը, Քրիստինե Պեպելյանը, Զարուհի Բաբայանը, Ռազմիկ Ամյանը, Ձախ Հարութը, Արփին, Հարութ Հակոբյանը եւ Հայբերտ Սարյանը, որոնք կկատարեն սքանչելի ստեղծագործություններ հայ երգի ոսկե ֆոնդից: Ելույթ կունենա նաեւ «Զվարթնոց» պարային համույթը: Սպասված միջոցառումը կվարի Առաջին ալիքի հաղորդավար Խորեն Լեւոնյանը:
«Երգ երգոց» նախագիծը 5 տարի շարունակ յուրաքանչյուր կիրակի Առաջին ալիքի հեռուստադիտողներին հեռուստաէկրանների մոտ ու նկարահանման տաղավարում հավաքում է հայ երգի սիրահարներին:
«Երգ երգոց» նախագծում հնչում են Հայաստանի պատմության տարբեր ժամանակահատվածները ներկայացնող երգեր՝ սկսած անցյալ դարի սկզբից մինչև մեր օրերը, որոնք ուղեկցվում են տվյալ պատմափուլի ժամանակագրությունը ներկայացնող տեսանյութով: Առանձին հաղորդումներ են նվիրվում հայ անվանի կոմպոզիտորներին, զանազան հոբելյանական առիթներով հնչում են սիրված երգեր:
Պրոֆեսիոնալ ստեղծագործական խմբի շնորհիվ ստեղծված «Երգ երգոց»-ն այսօր և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում ամենամեծ լսարան ունեցող հաղորդումներից է: Երաժշտական նախագիծը հյուրախաղերով հանդես է եկել Բեյրութում Ստեփանակերտում, ԱՄՆ-ում: 5 տարիների ընթացքում եթեր է հեռարձակվել ավելի քան 400 հաղորդում: