Բուլղարիայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2015» սիրված միջազգային մրցույթը։ Հայաստանի ներկայացուցիչ Միկան հիանալի ելույթ ունեցավ եւ գրավեց երկրորդ հորիզոնականը:
Միկան հեռուստադիտողների եւ ժյուրիի քվեարկությամբ վաստակեց 176 միավոր՝ ընդամենը 9 միավորով զիջելով Մալթային ներկայացուցչին, որն էլ դարձավ մրցույթի հաղթողը:
Հայաստանն առավելագույն՝ 12 միավոր ստացավ Նիդեռլանդներից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Բելառուսից:
Հայաստանի միավորները հայտարարեց «Մանկական Եվրատեսիլ-2014»-ի մասնակից Բեթթին, որն անցած տարի վերոնշյալ մրցույթում գրավել էր 3-րդ հորիզոնականը: Մրցույթն ուղիղ եթերով ցուցադրեց Առաջին ալիքը, մեկնաբանեց Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Ավետ Բարսեղյանը:
Մրցույթն այս տարի անցկացվեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այս տարվա նշանաբանն էր #Discover (Բացահայտի՛ր): «Մանկական Եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 17-ն էին՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդեռլանդներ, Ուկրաինա, Սան Մարինո, Ավստրալիա: