Սեպտեմբերի 12-ին Լոռու մարզի Օձուն եւ Ախթալա համայնքներ տանող ճանապարհներին անսովոր աշխուժություն էր:
Սեպտեմբերի 12-ին Լոռու մարզի Օձուն եւ Ախթալա համայնքներ տանող ճանապարհներին անսովոր աշխուժություն էր: Հազարավոր հյուրեր վաղ առավոտից ճանապարհ էին ընկել մասնակցելու մարզի` այս տարվա երկու նշանակալի միջոցառումներին՝ խորովածի եւ «Օձունի գանձերը» փառատոներին:
Օձունի մշակույթի տան բակն արդեն չորրորդ տարին անընդմեջ վերածվում է գյուղմթերքի փառատոնային հրապարակի: Լոռու եւ մի քանի այլ մարզերի տարբեր համայնքներից ժամանած ներկայացուցիչները ցուցադրության ու վաճառի էին բերել իրենց արտադրած գյուղմթերքը՝ խոտաբույսերից ու թեյերից մինչեւ մեղր ու տարբեր պահածոներ: Փառատոնն արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպում է G2IA (Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորում) ֆրանսիական կազմակերպությունը:
Լոռու մարզի Կարմիր Աղեկ համայնքից Նվարդ Աբրահամյանն արդեն երրորդ անգամ է մասնակցում «Օձունի գանձերը» փառատոնին: Ներկայացվող տեսականին ամեն անգամ նորամուծություն ունի: Համայնքին հատկացված տաղավարն այս տարի նախորդներից մեծ էր: Բերքի ամենալավ շրջանում Օձուն էին բերել մեղր, մրգեր, հատապտուղ, չրեր, տնական օղիներ ու բուսական թեյեր:
Փառատոնը հյուրեր ուներ նաեւ այլ մարզերից: Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բրենդներից մեկը մեղրն է: Լոռեցիները զարմացել էին սաղմոսավանցիների մեղվաբուծության ավանդույթներով:
Հյուրերն ու զբոսաշրջիկներն էլ պահը բաց չթողեցին՝ ձեռք բերելու քիչ վայրերում հանդիպող բնական մեղրամոմով մեղրը:
Մշակույթի տան բակում գյուղմթերքի փառատոնից բացի նաեւ մշակութային միջոցառում էր կազմակերպվել` վիկտորինաներ, ազգային պարեր ու խաղեր:
67-ամյա լարախաղաց Վլադիմիր Հակոբյանն այստեղ մշտական հյուրերի ցանկում է: Առանց նրա ինչ-որ բան հաստատ պակաս կլիներ:
«Օձունի գանձերը» փառատոնից հետո հերթը խորովածինն էր: Յոթ տարի շարունակ տարվա մեջ ընդամենը մեկ օր Ախթալայի վանական համալիրի բակը լցվում է խորովածի բույրով:
Խորովածի փառատոնը Լոռու մարզ է բերում Հայաստանի տասնյակ ռեստորանների ներկայացուցիչների ու անհատ խոհարարների: Մանղալներին շարված խորովածի նման բազմազանության քիչ տեղերում կհանդիպես. Ախթալայի փառատոնն այդ հարցում մրցակից, կարելի է ասել, չունի:
Խորովածի 7-րդ փառատոնի հաղթողը Beer Academy գարեջրատան թիմն էր:
Խոհարար Աշոտ Թումասյանը քչախոս էր, ավելի շուտ՝ գաղտնապահ: Տավարի մսից պատրաստած ու փառատոնում հաղթանակ բերած խորովածի բաղադրատոմսը չցանկացավ նշել, ինչպես ասաց՝ «ռազմական գաղտնիք է»:
Հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն արդեն սպասում ու պատրաստվում է հաջորդ փառատոնին:
Կազմակերպության նախաձեռնած միջոցառումներից այս մեկն իր սիրելիների ցուցակում է: Լրագրողների հետ զրույցում Սեդրակ Մամուլյանն ուրախությամբ նշեց, որ փառատոնն ամեն տարի ավելի մասսայական է դառնում՝ Ախթալան դարձնելով Լոռու զբոսաշրջային հիմնական երթուղին: