Մի քանի ամիս տեւած նախապատրաստական աշխատանքներից ու նկարահանումներից հետո նախագծի հաղորդավար Ավետ Բարսեղյանը կիսեց իր տպավորություններն ու պատմեց նոր մանրամասներ երաժշտական մեգա նախագծի մասին:
Սեպտեմբերի 8-ին Առաջին ալիքի եթերում մեկնարկում է «Գուշակիր մեղեդին» միջազգային երաժշտական նախագծի հայկական տարբերակը: Մի քանի ամիս տեւած նախապատրաստական աշխատանքներից ու նկարահանումներից հետո նախագծի հաղորդավար Ավետ Բարսեղյանը կիսեց իր տպավորություններն ու պատմեց նոր մանրամասներ երաժշտական մեգա նախագծի մասին:
Ինչպե՞ս ընդունեցիք Հանրային հեռուստաընկերության առաջարկը վարել հաղորդաշարը:
- Սիրում եմ մարտահրավերներ ընդունել ու կարծրատիպեր կոտրել: Հանրության մեջ թյուր կարծիք կա, որ «Գուշակիր մեղեդին» ռուսական ծրագիր է, ու մենք ընդօրինակում ենք: Իրականում սա միջազգային ձեւաչափ է, եթեր է հեռարձակվում տարբեր երկրներում: Մենք, իհարկե, չունենք ռուսական տարբերակի 20-ամյա փորձը, բայց վստահ եմ՝ կկարողանանք ստեղծել որակյալ հեռուստաարտադրանք:
Ո՞ր ոլորտի ներկայացուցիչներն են ամենաշատը զարմացրել Ձեզ իրենց երաժշտական գիտելիքներով:
- Հստակ վիճակագրություն դեռ չունենք, բայց նույնիսկ փորձառու երաժիշտներն են երբեմն շփոթվում ու չեն կարողանում գուշակել մեղեդիները: Արսեն Գրիգորյանը, օրինակ, իր սեփական երգը չկարողացավ ճանաչել: Փոխարենը հարցին շատ արագ պատասխանեց նրա հետ մրցող Նազենի Հովհաննիսյանը: Ինձ ամենաշատը զարմացրել է երգչուհի Սոնա Ռուբենյանի խաղը, նա փայլեց իր գիտելիքներով ու արագ կողմնորոշվելու հմտությամբ: Անուշ Արշակյանն էլ հրաշալի խաղ ցուցադրեց: Նա, լսելով մեղեդին, սկսում էր խորը եւ լուրջ պատմական վերլուծության ենթարկել այն ու ներկայացնել երգի ստեղծման պատմությունը:
Ո՞րն է հաղորդման շարժիչ ուժը, ինչո՞վ է այն առանձնանում այլ երաժշտական նախագծերից:
- «Գուշակիր մեղեդին» հարազատ նախագիծ է: Մարդիկ տասնյակ տարիներ ռուսական եթերով հետեւել են հաղորդումներին ու հաստատ կցանկանան նաեւ հայկական տարբերակը դիտել: Մյուս կողմից՝ հաղորդաշարը շատ դինամիկ ու թեթեւ ընթացք ունի: Եթե այլ երաժշտական նախագծեր խորը վերլուծության են ենթարկում մասնակիցների ելույթները կամ պատասխանները, ապա այս դեպքում ճիշտ հակառակն է: 25-30 րոպեների ընթացքում հեռուստադիտողը տասնյակ կատարումներ է լսում՝ համեմված հումորով, երաժշտական որակյալ ձեւավորմամբ ու երբեմն էլ համառ պայքարով:
Հաղորդաշարի նկարահանումներին մասնակցում է նաեւ նվագախումբ՝ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ: Օգնո՞ւմ է այդ հանգամանքը մասնակիցներին, թե՞ խանգարում:
- Բենդը համուհոտ է փոխանցում հաղորդաշարին, եթերային կես ժամը դարձնում առավել գունեղ: Մաեստրո Երզնկյանի մասնակցությունը շատ կարևոր է, նա կոլորիտային կերպար է, արդեն դժվար եմ պատկերացնում նկարահանումներն առանց նրա: Մաեստրոն, կարելի է ասել, մրցույթի չորրորդ մասնակիցն է ու երկրորդ հաղորդավարը: Նա թե՛ ինձ է օգնում, թե՛ մասնակիցներին, նրանց հետ հավասար ուրախանում մեղեդիները գուշակելիս ու տխրում, երբ ակնհայտ պարզ երգերը չեն կարողանում գուշակել:
Կսահմանե՞ք հաջողակ մեդիա արտադրանքի բանաձեւը: Ո՞րն է այն հեռուստաձևաչափը, որի կարիքն այժմ ունի հասարակությունը:
- Կարեւոր նախապայման է անմիջականությունը: Այդ առումով արել ենք առավելագույնը, որ հեռուստադիտողը կարողանա իրեն զգալ այնպես, ինչպես տաղավարում գտնվող մասնակիցները: Երկրորդ նախապայմանն արագությունն է: Մարդիկ վաղուց հետ են վարժվել ժամերով հեռուստացույցի առաջ նստելուն: Ամեն ինչ պետք է արագ, դինամիկ ու անմիջական լինի: Համոզված եմ՝ «Գուշակիր մեղեդին» հաղորդաշարը կդառնա հեռուստաեթերի անբաժան մասն ու կսիրվի հեռուստադիտողի կողմից: