Ռուզանը Ծովակի ու Ալվինայի կրտսեր դուստրն է, ծնողների հետ ապրում է միայն ամառային արձակուրդներին:
15-ամյա Ռուզանը թեեւ 6 քույր ու մի եղբայր ունի, բայց նրանցից ոչ մեկի դպրոց գնալը չի տեսել: Բազմազավակ ընտանիքի կրտսեր դուստրը 15 տարեկան է, այս տարի 9-րդ դասարան է գնում: Երբ առաջին դասարանին էր պատրաստվում, քույրերն ու եղբայրը հավաքվեցին իրար գլխի, խորհուրդներ տվեցին ու հորդորեցին լավ սովորել:
Ծովակ Առաքելյանի 8 երեխաներն էլ ծնվել են Գիլան (նախկին Գիլանլար) գյուղում: Խոսրովի արգելոցի հեռավոր մի անկյունում թաքնված գյուղը մինչ 1974-ը դպրոց ուներ, տասնյակ տնտեսություններ, հիմա` մի քանի կիսաքանդ տուն ու երեք տասնյակ բնակիչ:
Ութ երեխա անտառի՝ մարդկանցից մոռացված անկյունում
Բազմազավակ հայր Ծովակ Առաքելյանը ծնվել է հենց նույն տանը, որտեղ եւ իր 8 երեխաները: Երբ հարցնում ես՝ ինչո՞ւ որոշեց այդքան շատ երեխաներ ունենալ, պատասխանում է կարճ. «Աստծու տված երեխաներ են»: Հարեւաններն ու հարազատները ամեն երեխայի լույս աշխարհ գալուն պես աչքալուսանքից բացի չէին մոռանում հարցնել՝ ինչպես է պահելու, մեծացնելու նրանց: Բայց 32 տարի Խոսրովի արգելոցում անտառապահ աշխատող Ծովակը գիտեր՝ բոլորին էլ տեր է լինելու, մեծացնելու ու հասցնելու իրենց նպատակին:
Աստծու տված դուստրերն ու որդին վաղուց արդեն ամուսնացել են, տեղափոխվել տարբեր գյուղեր ու քաղաքներ: Ռուզանը Ծովակի ու Ալվինայի կրտսեր դուստրն է, ծնողների հետ ապրում է միայն ամառային արձակուրդներին:
Դպրոցի ճամփան դժվար է, երկար
Ռուզանն ու հասակակից մյուս երեխաները ստիպված են ամեն անգամ կտրել անտառով անցնող 10-կիլոմետրանոց ճանապարհն ու դպրոց գնալ տարբեր համայքներում: Հաճախում է Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի դպրոցը, ապրում եղբոր՝ Արամի տանը:
Երբ դասընկերները հարցնում են, թե որտեղից է՝ դժվարությամբ է կարողանում բացատրել հայրենի բնակավայրի տեղը: Քչերն են լսել անտառի ծայրում գտնվող գյուղի մասին, դժվարանում են պատկերացնել, որ մարդիկ կարող են ապրել առանց էլեկտրականության, հեռախոսային կապի ու համացանցի:
Ուսումը՝ առաջին տեղում
Ալվինա եւ Ծովակ Առաքելյանների համար սեպտեմբերի 1-ը յուրահատուկ օր է: Քչերն են կարողանում 30 տարի անընդմեջ երեխաներ ճանապարհել դպրոց, պատրաստվել ուսումնական տարվան: Բայց ուսումը բազմազավակ ծնողների համար առաջին տեղում է: Աշխարհից կտրված ու մոտակա բնակավայրերից տասնյակ կիլոմետրեր հեռու ապրելը չի խոչնդոտել երեխաների ուսմանը: «Մենք հողի մարդիկ ենք, մեր հողն ու ջուրը հազար քաղաքի հետ չենք փոխի, բայց կրթությունը պարտադիր պայման է, թող սովորեն, կիրթ մարդիկ դառնան»,- ասում է Ծովակ Առաքելյանը: