Ուխտավորները եղել են Վանում, Բայազետում ու Անիում, տեսել Բերկրիի ջրվեժը, Բայազետի ամրոցն ու Վանա լիճը:
Բազում հայերի ցանկությունն է բարձրանալ Արարատ լեռան գագաթը: Վերջերս Արեւմտյան Հայաստան կատարած ուղեւորության ընթացքում Առաջին ալիքի աշխատակից Կարինե Հակոբյանն իրագործեց իր վաղեմի երազանքը՝ հասնելով նվիրական լեռան գագաթ: Նրա խոսքով՝ շուրջ 1 800 կմ-ը հեշտ հաղթահարելի է դառնում, երբ գիտակցում ես, որ անհրաժեշտ է ապրել՝ հանուն բոլոր հայերի երազանքի իրականացման:
Արեւմտյան Հայաստան ուղեւորությունը սկսվել է օգոստոսի 19-ին: 21-հոգանոց արշավախմբում հիմնականում աշխարհի տարբեր երկրներում ապրող հայեր էին: Կարսում խմբի անդամները եղան Սուրբ Առաքելոց վանքում, տեսան Վարդանի կամուրջն ու այցելեցին Եղիշե Չարենցի հայտնի տունը, որտեղ ծնվել ու մեծացել է գրողը: Ուխտավորները եղան նաեւ Վանում, Բայազետում ու Անիում, տեսան Բերկրիի ջրվեժը, Բայազետի ամրոցը, Անիի եկեղեցիներն ու Վանա լիճը:
Դեպի Արարատ վերելքը սկսվեց օգոստոսի 21-ի առավոտյան: Ծովի մակերեւույթից 4 100 մ բարձրությունից նրանք ոտքով հինգ ու կես ժամում հասան գագաթ՝ 5165 մ և ծածանեցին ոչ միայն Հայաստանի եռագույնը, այլև Հանրային հեռուստաընկերության դրոշը։